Մոսկվայից՝ Մանիլա, Պեկինից՝ Բուդապեշտ, Անկարաից՝ Դելի, ավտորիտար ղեկավար ազգայնականը նորից մոդայիկ է: Եթե եկող շաբաթ ԱՄՆ-ում նախագահ ընտրեն Դոնալդ Տրամպին, միջազգային միտումների մեջ կմնան, ոչ թե սկիզբ կդնեն՝ գրում է Գիդեոն Ռահմանը The Financial Times-ում: Անցած շաբաթ Չինաստանը ևս մեկ վտանգավոր քայլ արեց միանձնյա ավտոկրատիայի ուղղությամբ՝ հայտարարվեց, որ նախագահ Սի Ձինպինը հետայսու կոմունիստական կուսակցության «բարձրագույն ղեկավարն» է՝ տիտղոս մաոյական օբերտոներով: Սի Ձինպինը օրերս ընդունեց ավտոկրատ հակումներով ևս մեկ ղեկավարի՝ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուարտեին:
Համայն աշխարհի բոլոր ակտոկրատ ղեկավարների «սուրբ հովանավորը» մնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նրա մանձնյա կառավարումը մինչև այժմ պահպանում է ժողովրդավարության արտաքին հայտանիշները: Ժողովրդավարության ձևերի ու ավտոկրատ իրականության խառնուրդը ի ցույց են դնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ավելի քիչ՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Որոշ վերպահումներով նրանց թվին են պատկանում և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Տագնապալից է, որ Տրամպի քաղաքական ոճը ամենից շատ համահունչ է դիկտատորներից ամենադեսպոտներին՝ Պուտինին ու Էրդողանին: Նրանք արտաքին աշխարհը պատկերացնում են թշնամական ուժերի հավաքածու, խոսում են «ներքին թշնամիների» մասին և խոստանում են ազգային վերածնունդը ղեկավարել՝ վրեժ լուծելով նախկին ստորացումների համար, որ կրել են արտասահմանցիներից: Տրամպը դեռ չի համարձակվել տեսախցիկների առաջ մերկացնել մկանները, բայց երբ նրան անցած շաբաթ տեսա Ֆլորիդայում ընտրողների հետ հանդիպմանը՝ կասկածներ չմնացին, որ ղեկավարի պաշտամունքը ակնհայտ է: 1930-ականների հետ զուգահեռը, ցավոք, չափազանց ակնհայտ է: Այն ժամանակ մեծ ճգնաժամի տնտեսական շոկը հանգեցրեց ամբողջ աշխարհում քաղաքականության ռադիկալացման: Նույնը կարող էր կատարվել 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո: Հետաքրքիր է, որ ավտոկրատ առաջնորդ-մաչոների վերելքը համընկավ ուժեղ կին քաղաքական գործիչների հակառակ մոդայի հետ, շատ ավելի զուսպ և համընդհանուր համաձայնության կողմնորոշում ունեցող՝ ինչպես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Արևմտյան քաղաքականության ֆեմինացումը, գուցե նույնիսկ խթանում է կարոտախտով տառապող որոշ տղամարդ ընտրողների առաջնորդ-մաչոների ձգտումը: Հիլարի Քլինթոնը, եթե մտնի Սպիտակ տուն, հարկադրված է լինելու ավտոկրատների պաշտամունքը ջարդել:
Գիդեոն Ռահման, Financial Times
Հ.Գ. Քաղաքականությունը այնքան շերտեր ունի, իսկ մենք միայն մակերևույթի վրա ենք սահում: Գլոբալ քաղաքականության մաչոյացումն ու ֆեմինացումը հետևանքներ են աշխարհաքաղաքական կոնֆլիկտների, որոնց մեջ ամեն պետություն ընտրում է իրեն հարմար նիշան, որտեղ հասարակությանը խցկում են նրա էլիտաները՝ իրենց կառավարումը երկարացնելու համար: Մինչև ժողովուրդը ինքը որոշի այդ նիշայից դուրս գալ մեծ ճանապարհ, որ տանում է դեպի իր ցանկությունների կատարում: Իսկ այդ ընթացքում գալիս ու գնում են նախագահներ, վարչապետեր ու համարվում է, որ նրանք պիտի իրավիճակ փոխեն: Իզուր, պատմությունն ունի իր տրամաբանությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ